Վերջին օրերին երկրաշարժերը տարածաշրջանում հանգեցրել են բազմաթիվ ավելածություններրի և հազարավոր զոհերի։
Արդյո՞ք կա Հայաստանում երկրաշարժի հավանականություն։ Արդյո՞ք մեր հանրությունը պատրաստ է դիմակայել այդ արհավիրքին ու տիրապետում է տարրական կանոններին։ Այս և այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով Bac TV–ին խոսել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանի հետ։
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել, այսօր չորորդ երկրաշարժը գրանցվեց Թուրքիայում, սա կարո՞ղ է ազդել Հայաստանի սեյսմիկ վիճակի վրա։
Հայաստանը այդ էպիկենտրոնից բավականին հեռու է գտնվում, տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայասատանի սեյսմիկ իրավիճակի վրա: Երկրաշարժեր ծնող թեքվածքը ՀՀ տարածք չի մտնում և էական ազդեցություն ունենալ չի կարող։ Թուրքիայի հարավ-արևելյան մասում՝ Կիպրոսից դեպի Թբիլիսի ձգվող ուղղությամբ, բեկվածք է անցնում, որը Արևելա-անատոլիական բեկվածքն է, այն բավականին հայտնի է ուժեղ երկրաշարժեր ծնելու իր պոտենցիալով և զիջում է Հյուսիս-անատոլիական բեկվածքին: Հյուսիս-անատոլիական բեկվածքի մի փոքր ճյուղերից մեկը Անիից մտնում է դեպի Գյումրի և դուրս է գալիս Սպիտակի օջախային գոտի, բայց հավանականությունը, որ այդ ճյուղը կաշխատի և Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ կլինի, շատ ցածր է և նույնիսկ անհավանական է, իսկ թույլ երկրաշարժեր միշտ եղել են ու կլինեն։
Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ակտիվությունը։
Հայաստանում «սեյսմիկ ֆոնը» ակտիվ է Սպիտակի օջախային գոտին և կա ցրված սեյսմիկություն Հայաստանի տարբեր հատվածներում։ Երկրաշարժեր եղան Շորժայում, Երևանի մոտ, Հայաստանի հարավում, իսկ Ջավախքի սեյսմոակտիվ գոտին միշտ աշխատում է, որը Կովկասում ամենամեծ թվով երկրաշարժերի յուրահատուկ գոտի է, բայց, բարեբախտաբար, թույլ երկրաշարժերի գոտի է, ուժեղ երկրաշարժեր չեն գրանցվում, եթե լինում են թույլ ցնցումներ, դրանք սարքերը գրանցում են, բայց մարդիկ չեն էլ զգում:
Կան տարածվող խոսակցություններ, որ հնարավոր է՝ ամեն տարի նույն օրը երկրաշարժ լինի, հնարավոր է կանխատեսել երկրաշարժի ժամանակահատվածը։
Երկրաշարժերի պարբերականության մասին խոսելը սխալ է, դա ուղղակի պատահականություն է, նման օրինաչափություն չի կարող լինել։ Դեռևս այսքան ժամանակ որևէ մասնագետ չի կարողացել կանխատեսել երկրաշարժը կամ նման եզրակացություն անել։
Երկրաշարժի վերաբերյալ ի՞նչ իրազեկումներ պետք է իրականացվեն Հայաստանում։
Հայաստանի պայմանների համար սեյսմիկ ծառայությունը ունի հատուկ մշակված ծրագիր, որտեղ ներառվում են անհատական կանոններ, որոնք կարող են մարդիկ գտնել գրքերի մեջ և կայքերում։
Հարցազրույցը վարեց՝ Սվետա Վարդանյանը