Ընդդեմ Ադրբեջանի ներկայացված միջազգային գանգատներից հրաժարվելու հարց քննարկվել է ու քննարկվում է. Նիկոլ Փաշինյան

Ընդդեմ Ադրբեջանի ներկայացված միջազգային գանգատներից հրաժարվելու հարց քննարկվել է ու քննարկվում է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի օրակարգում կա միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից հրաժարվելու հարց:

«Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է ու քննարկվում է», – ասուլիսի ժամանակ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` այս հարցը կարող է քննարկվել ամենավերջում, երբ խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն ու ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել:

«Դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ, իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր` Հայաստանի համար դա մի գործոն է, որը կարևոր է մեր ասելիքը, մեր օրակարգն առաջ մղելու համար», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի` այս հարցը պետք է լինի երկուստեք:

«Խոսքը չի կարող լինել միայն Հայաստանի պարագայում, երկուստեք պետք է գնալ նման լուծման»,- նշեց Փաշինյանը:

Նշենք, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։

Leave a Reply

Your email address will not be published.