ԱԺ–ում Լաչինի թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ ելույթով հանդես եկավ նաև իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Իշխանության ներկայացուցիչներից միայն Արսենյանն է ներկա լսումներին։ Վերջինիս ելույթը, սակայն, բանավեճի առիթ դարձավ։
«Ցանկանում էի լսել քաղաքական մտքի դրսևորում, սակայն լսեցի միայն վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, էս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում ՀՀ օրինական իշխանություններին։ Դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին։ Մենք պատասխանատու ենք մեր երկրի համար»,–ասաց Արսենյանը։
Ի պատասխան դահլիճից մեկն ասաց, թե նա անգամ իր ընտանիքի համար պատասխանատու չէ, ինչին Արսենյանը պատասխանեց. «Ձեզ թվում է` դուք տրիբունալի մասնակի՞ք եք։ Ո՞վ եք, արա, դուք։ Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդն ընտրությունների ընթացքում»։
Դրանից հետո կրքերը թեժացան, և դահլիճից կրկին արձագանքներ հնչեցին։ Սակայն Արսենյանը հավելեց, թե ԼՂ հարցի շահարկումն ընդդիմությանը հնարավորություն չի տալու իշխանության գալ։ Ավելին, իրենց քայլերով նոր պատերազմ են բերելու և դառնալու պատերազմի հրձիգներ։
Արսենյանը, սակայն, այդպես էլ չավարտեց իր ելույթը, քանի որ այն ներկաների հետ երկխոսության էր վերածվել, և յուրաքանչյուր միտք դահլիճից արձագանքի էր արժանանում։