Հիսուն օրից ավել է Արցախը պայքարում է բլոկադայի պայմաններում: Պայքարում է հանուն սեփական հողում ապրելու իրավունքի, հանուն հայկական պետականության, հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության լինելիության համար: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։
«Շատ կարևոր է, որ այսպիսի ծանր իրավիճակում մեր հասարակության մեջ տեղ չգտնեն բամբասանք, ամբիցիաներ, ինտրիգ, որոնք անիմաստ լարվածություն են ստեղծում: Այս իրավիճակում Արցախին հարկավոր է իրական խնամակալական քաղաքական կառավարում, որը կառուցողական, ալտրուիստական վերաբերմունք է սեփական հանրույթի նկատմամբ, երբ ընդհանուր ու սեփական բարեկեցությունը նույնն է համարվում:
Գործնականում այս տարբերակն իր մեջ ներառում է իրական գաղափարական իմաստով սոցիալիզմին բնորոշ տարրեր: Միայն այս կերպ կարող ենք մեր պայքարը շարունակել, քանզի Հայաստանը և Արցախը գտնվում են ֆիզիկական ուղիղ սպառնալիքի տակ և մենք միայն մեկ ճանապարհ ունենք՝ պայքարե՛լ»,-գրել է նա: