Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է։ Այս մասին Փարիզում, France 24-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք խնդիր ենք ունենում խաղաղության պայմանագրի մեջ արտահայտել այն երեք սկզբունքները, որ հայտարարված ու հրապարակված են միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերլուծելով այս խնդիրներն ու պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է», – ասել է Փաշինյանը:
Վարչապետը մանրամասնել է, թե «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին Բաքվի պաշտոնական հայտարարություններում նկատի է առնվում, որ Հայաստանի տարածքի մեծ մասը ադրբեջանական է: Բացի այդ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը գործնականում առանց տարընթերցումների չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը՝ չնայած «դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հաձակման ոչ մի մտադրություն չունի»: