Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը

Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը

SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով տիեզերք է արձակվում նաև Հայաստանում և հայ մասնագետների կողմից մշակված առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Արձակմանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

 

 

 

Հիշեցնենք, որ թռիչքն ի սկզբանե նախատեսված էր նոյեմբերի 29-ին, սակայն երկու օրով հետաձգվել էր։

 

«Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից:

 

«Հայասաթ-1»-ը տիեզերք կուղարկվի ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից՝ SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։ Արբանյակի վրա գրված է՝ ARMENIA IN SPACE FOR SCIENCE (Հայաստանը տիեզերքում` հանուն գիտության)։

 

«Հայասաթ-1»-ը հայկական երկրորդ արբանյակն է, որը կարձակվի տիեզերք, սակայն այն առաջինն է, որը մշակվել ու ստեղծվել է հայ մասնագետների կողմից՝ Հայաստանում։

 

«Հայասաթ-1» արբանյակը զինված է նրա տարբեր կողմերի վրա ընկնող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսադարձիչներով, տարբեր մոդուլների առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։

 

Արբանյակն ունի երկրորդային օգտակար բեռ, որի չափումների շնորհիվ տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր ալեհավաքներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU)։

 

Եթե վերջինիս փորձարկումը տիեզերքի ծանր պայմաններում բարեհաջող անցնի, այն հնարավոր կլինի հետագայում օգտագործել հայրենական և այլ երկրների արբանյակներում։

Leave a Reply

Your email address will not be published.