Եվրախորհրդարանի հանձնաժողովի զեկույցը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից

Եվրախորհրդարանի հանձնաժողովի զեկույցը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր զեկույցը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից: Խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձը իրենց տներ, ընդգծում է զեկույցը:

«Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է Եվրախորհրդարանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը և մի շարք կարևոր ոլորտներում Հայաստանի և ԵՄ համագործակցությանը։ Որպես այս ուղղությամբ կենսական քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը և կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքով, որը գրեթե երկու ամիս արգելափակված է», – հայտարարել է զեկուցող Անդրեյ Կովաչևը (ԵԺԿ, Բուլղարիա) քվեարկությունից հետո։

Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերանայող` երեկ ընդունված զեկույցում Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտեց խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրեց նրան, որ ադրբեջանական ուժերն օկուպացրեցին Հայաստանի ինքնիշխան տարածքը:

Ընդգծելով, որ այս վերջին ագրեսիան ուղղակի կապ չունի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի երկարաժամկետ հակամարտության հետ, զեկույցը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից։ Այն նաև կոչ է անում երկու երկրների կառավարություններին աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի վրա, իսկ Եվրամիությանը՝ շարունակաբար ներգրավվել, միջնորդել և արդյունավետորեն նպաստել այս հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատում են, որ արդյունավետ լինելու համար ցանկացած խաղաղ պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, նաև փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձը իրենց տներ:

Leave a Reply

Your email address will not be published.