«Ադրբեջանը խոսում է խաղաղությունից, բայց իր պատկերացրած խաղաղության մեջ հայեր չկան». Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանը խոսում է խաղաղությունից, բայց իր պատկերացրած խաղաղության մեջ հայեր չկան». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի և Իրանի միջև ծագած լարվածության, աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանին սպասվող վտանգների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության դարաշրջանի պայմանագրի կնքման մասին կարծիք ստանալու նպատակով Bac TV-ին զրուցել է Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ:

Դուք ձեր տելեգրամյան ալիքում գրել եք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չմեկնել Իրանի Իսլամական հանրապետություն: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ հայտարարությունը, արդյո՞ք սա իր մեջ ռազմական ենթատեքստ է պարունակում:

Այս ամբողջ խոսակցությունները սկսվել են Իրանում Ադրբեջանի դեսպանատան իրադարձություններից հետո, որտեղ սպանվել էր անվտանգության աշխատակիցը: Ադրբեջանը այդ գործողությունները որակեց որպես «ահաբեկչություն» իսկ իրանական կողմը զերծ էր մնում այդ գնահատականներից և դեպքի հետ կապված իրականացնում էր փորձաքննություն ու դրանից հետո Ադրբեջանը որոշեց տարհանել այնտեղ գտնվող իր դիվանագետներին: Այդ դեպքից հետո Ադրբեջանը իր քաղաքցիներին հայտարարեց մեկնեն Իրան միայն խիստ անհրաժեշտության պարագայում: Ռազմական գործողությունների վերաբերյալ պաշտոնական որևէ բան դեռ չի ասվում, իսկ փորձագիտական մակարդակով մեծ մասը ուղորդված է պետության կողմից: Ադրբեջանում նշում են, որ մեծ մասը «Իրանի դեմ սպասվող ռազմական գործողությունների համատեքստում»  են տարհանվել իր դիվանագետներին Թեհրանից: Իրենք այնպես են խոսում, որ արդեն այդ ծրագիրը կա, իսկ Իրանում որևէ նման բան նրանք չեն նշում:

Ադրբեջանի և Իրանի միջև ծագած լարվածության արդյունքում, աշխարհաքաղաքական տեսանկյունից կարո՞ղ է այս ամենը որևէ վտանգ ներկայացնել Հայաստանի համար:

Տարածաշրջանում աճող լարվածությունը անվտանգային լուրջ ռիսկեր է պարունակում, այստեղ լարվածության քարոզչական կողմը միայն երևացող կողմն է, շատ ավելի լուրջ խորքային խնդիրներ կան որոնց մասին կարող ենք որոշակի ենթադրություններ անել, սակայն փաստական հիմքերի կարիք ունենք: Օրինակ Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը, որ տեղի է ունեցել հեռախոսազրույցներ երկու երկրների ՊՆ նախարարների միջև և ոչ միայն, հատկապես, այս հեռախոսազանգերը ակտիվացան Իրանում կապված միջադեպից հետո: Իրանի հետ հարևանությամբ օկուպացված Կովսականում, Իսրայելը ներդրումներ է անում,  որոշակի ծրագրեր է իրականցնում, որքան էլ դրանք բնորոշվում են որպես քաղաքական, միևնույն է դրանք ունեն ռազմական հետախուզական նշանակություն: Այս ամենի համար Իրանը բազմիցս նախազգուշացրել է Ադրբեջանին, ես կարծում եմ, որ այստեղ կան լուրջ քաղաքական ծրագրեր:

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Ադրբեջանը ավելի մեծ գրոհներ էր պատրաստում, երբ հարձակվեց Հայաստանի վրա նախորդ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողությունները և հայտարարությունները օգնեցին կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը: Ի՞նչ կարծիք ունեք այս տեսակետի մասին:

Այդ ամենը պետք է ներկայացնեն գերատեսչական մարմինները: Երեկ հրապարակվեց Ազգային ճգնաժամային հերթական զեկույցը Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված և այնտեղ հստակ նշված էր թե, որքան ռիսկային և խոցելի է դարձել Սյունիքը 2022 թվականի Ադրբեջանի հարձակման արդյունքում, այսինքն նշված էր, որ երկու օրվա ընթացքում Ադրբեջանը կարող է գործողություններով կտրել Սյունիքը ամբողջ ՀՀ-ից, կամ դիրքերը, որոնք նրանք զբաղեցրել են, հենց այդ նպատակով է: Իրանի դիրքորոշումը շատ օգուտ է Հայաստանին և այդ համագործակցությունը շատ կարևոր է, բայց կարող է Իրանը հայտնվել խնդրահարույց իրավիճակում և մենք յուրաքանչուր սցենարի պետք է պատրաստ լինենք:

Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան քաղաքականությունը, դուք ամեն օր հետևելով Ադրբեջանական մամուլին և քաղաքական շրջանակներին, արդյո՞ք իրենք կիսում են այդ քաղաքականությունը ու պատրաստ են կնքել խաղաղության համաձայնագիրը:

Ես կարծում եմ, որ Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ իրենց պատկերացրած խաղաղության մեջ հայեր չեն կարող լինել կլինի դա Արցախում, կլինի բուն ՀՀ-ի տարածքում: Իրենք արդեն մեր տարածքը սկսել են կոչել «արևմտյան Ադրբեջան» և բացի նրանից, որ դա պատմական կեղծիք է, դա նաև իրենց պատկերացմամբ «հիմք» է՝ Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիանների գնալու համար: Ադրբեջանը խոսում է խաղաղությունից, բայց իր պատկերացրած խաղաղության մեջ հայեր չկան:

 

Հարցազրույցը վարեց՝ Սվետա Վարդանյանը

 

 

Leave a Reply

Your email address will not be published.