Օրեր առաջ Արցախի կանայք բաց նամակ էին հղել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և կոչ արել քայլեր ձեռնարկել Արցախի ապաշրջափակմանն ուղղված։
Այս պահին մի քանի տասնյակ կանայք հավաքվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության դիմաց և խաղաղ ակցիա են իրականացնում ի աջակցություն Արցախի կանանց և աղջիկների։ Նշենք, որ արցախցի կանայք օրեր առաջ բաց նամակ էին հղել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և պահանջել, որ նա իր գործողություններով նպաստի Արցախի ապաշրջափակմանը։
«30 հազար երեխաներ այսօր մատնված են սովի ու ցրտի, երիտասարդները զրկված են իրենց կրթության իրավունքից, 120 հազար մարդ մնացել է շրջափակման մեջ»-ասում են Հայաստանում ԵՄ պատվիրակության դիմաց խաղաղ ակցիա իրականացնող կանայք:
Խաղաղ ակցիայի նախաձեռնողներից մեկը` Արաքսյա Գրիգորյանը հայտնեց, որ իրենք Արցախի կանանց մտահոգություններն ու խոսքերը ձևակերպել են և նամակով կհանձնեն ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
Նամակում Անդրեա Վիկտորինին կոչ է արվում քայլեր ձեռնարկել Արցախը ապաշրջափակելու և Ադրբեջանի տեռորիստական գործողությունը դադարեցնելու ուղղությամբ։
Նա և ակցիայի մյուս մասնակիցները միջազգային հանրության ջանքերը բավարար չեն համարում Լաչինի միջանցքի հարցով։
Մասնակիցները նախ բարձրաձայն կարդացին իրենց կոչը, ապա նամակը հանձնեցին պատվիրակության աշխատակիցներից մեկին։