Ո՞նց եղավ, որ երեխեքը վառվեցին, հատակը չվառվեց, ես իմ երեխուն արտաշիրիմում եմ անելու. Մահացած զինվորի պապիկ

Ո՞նց եղավ, որ երեխեքը վառվեցին, հատակը չվառվեց, ես իմ երեխուն արտաշիրիմում եմ անելու. Մահացած զինվորի պապիկ

Մենք եկել ենք նախարարությունից պահանջում ենք, որ արձագանք տան, քննությունների վերաբերյալ, որովհետեւ մեկ ամիս անցել է, ոչ մի տեղեկություն, ոչ մի հանդիպում չեն անում: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՊՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից մահացած զինվորներից Արտյոմ Գրիգորյանի պապը:

«Մենք շատ վարկածներ ունենք, ունենք վարկած, թե ինչու են երեխաները այդ անբարենպաստ պայմաններում ծառայել, ինչու են երեխեքին, որ մահացած են եղել ու իրենք վառել են, կա՞ արդյոք հետազոտություն, նկարահանված մի պահ, որ երեխեքին դուրս են հանել:

Ինչի համար են երեխեքը մահացել: Մենք գնացել ենք ծնողներով նայել ենք, ազատ գյուղում կացարենը, մաքրել ենք, գտել ենք մի քանի տեսակի իրեր, որոնք իրենք չեն հանել: Ամեն մի իրը կարող էր մի բան նշանակել ու մի բացահայտում լինել: Հատակը չի վառվել: Ո՞նց եղավ, որ երեխաները վառվեցին, հատակը չվառվեց:

Ես արդեն գիտեմ, որ ուզում են կոծկել, ես արդեն ասել եմ, որ իմ երեխու գերեզմանը չբետոնապատեն, որովհետեւես պետք է արտաշիրիմում անեմ, սրանց վրա հույս դնել չկա»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաև նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

Leave a Reply

Your email address will not be published.