Ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:25-ի սահմաններում՝ «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը, «մեխանիկական շնչահեղձություն, շնչական անբավարարություն 1-ին աստիճանի կոմատոզ վիճակ, գլխուղեղի հիպոքսեմիա» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի թիվ 1-ին հիմնական դպրոցից։ Նա Արարատի մարզի բնակիչ, 12-ամյա նշված դպրոցի սան է։ Պարզվել է նաև, որ ժամը 13:10-ի սահմաներում աշակերտը դպրոցի մարզադահլիճում, դասամիջոցի ժամանակ, պտուտակաձողի վրա ամրացված ճոպանով, ինչ որ գործողություններ է կատարել և պարանը փաթաթվել է տղայի պարանոցին, բարեբախտաբար, դպրոցի ֆիզկուլտուրայի դասատուն ու աշակերտները տարօրինակ ձայներ են լսել ու մտնելով դահլիճ երեխային հայտնաբերել են կախված։
Ֆիզկուլտուրայի 37-ամյա ուսուցիչ Մանվել Մկրտչյանը կարողացել է ժամանակին կտրել պարանը, ապա, անհրաժեշտ մերսումներ կատարելուց հետո, երեխային կարողացել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերել, որից հետո տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխային Արարատի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։