Զինվորական կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած կապիտանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Զինվորական կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած կապիտանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած կապիտան Եղիշե Հակոբյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանից։

Նշենք, որ հրդեհի գործով կապիտանը մեղադրյալի կարգավիճակ ունի: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ հունվարի 19–ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել։

Ըստ Քննչական կոմիտեի՝ կապիտանն այդ օրը հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը:

Կապիտանը օրվա հերթապահից ճշտելով հատկացված դիզելային վառելիքի և ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան և վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հրդեհի հետևանքով մահացել է 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ, 3 զինծառայող ստացել են այրվածքներ:

Leave a Reply

Your email address will not be published.