«Թեհլիրյան՝ արդարադատ»․ Մարսելում տեղի է ունեցել Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի բացման արարողությունը

«Թեհլիրյան՝ արդարադատ»․ Մարսելում տեղի է ունեցել Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի բացման արարողությունը

Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՅԴ գրասենյակը։

«Նեմեսիս» գործողության մասնակից, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանությունը վերապրած Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը տեղադրվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։

Մարսելի հայաշատ Պոմոն թաղամասի Pasteur հրապարակում տեղի է ունեցել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառման ընթացքում ֆրանսահայ երեխաները երգել են «Գինի լից» երգը, պաստառներ պահել իրենց ձեռքերում, որոնցից մեկի վրա գրված էր` «Թեհլիրյան արդարադատ»…

2017 թվականին Մարսելում հրապարակներից մեկը պաշտոնապես անվանվել է հայ վրիժառուի անունով։

Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1897 թվականին` Արևմտյան Հայաստանի Երզնկա գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը Անդրանիկ Օզանյանի գնդում։

1915 թվականին վերապրել է ցեղասպանությունը, 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային։ Նույն տարվա հունիսի 2-ին Թեհլիրյանին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել, ինչից հետո վերջինս մեկնել է Բելգրադ, ապա մի քանի տարի անց՝ ԱՄՆ։

1960 թվականին` 64 տարեկանում, Սողոմոն Թեհլիրյանը մահացել է Սան Ֆրանցիսկո քաղաքում, թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանատանը։

 

Leave a Reply

Your email address will not be published.