Կանանց համամասնությունը ամենաշատը «Ուժը հայրենյաց» կուսակցությունում է

Կանանց համամասնությունը ամենաշատը «Ուժը հայրենյաց» կուսակցությունում է

Անկախ դիտորդը մշտադիտարկել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը։ Ըստ այդմ․ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել է 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։ Օգոստոսի 22-ի դրությամբ ավագանու թեկնածուների ընդհանուր թիվը 807-ն է։ Ամենաշատ՝ 181 թեկնածու ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2-րդ ամենաշատ թեկնածուներ առաջադրել է «Ապրելու Երկիր» կուսակցությունը՝ 129թեկնածու։ «Ազգային Առաջընթաց» և «Հանրապետություն» կուսակցություններն առաջադրել են համապատասխանաբար 71 և 68 թեկնածու, իսկ մյուս բոլոր ուժերն առաջադրել են ավագանու անդամների ընդհանուր թվից (65) պակաս թեկնածուներ։ Կանանց ամենաքիչ համամասնությունը ներկայացված է «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակում՝ 32,39 % և ամենաշատը «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակում՝ 52,08%, որի ընտրական ցուցակը կին է գլխավորում։ Այս ընտրություններում երկու ուժերի ընտրական ցուցակներ են գլխավորում կանայք։ Երկրորդ ուժը «Ապրելու Երկիր» կուսակցությունն է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տվյալ կուսակցության կամ դաշինքի անդամ չհանդիսացող կուսակցությունների թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի 30%-ը։ Հայաստանի եվրոպական կուսակցության անդամ է հանդիսանում այդ կուսակցության ընտրական ցուցակի 95,83 %-ը, այսինքն միայն 1 թեկնածու է անկուսակցական։ Կուսակցականներն ամենից քիչ են «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակում՝ 70,42 %: Մասնակցող ուժերից անկուսակցական են «Ուժը հայրենյաց» կուսակցության, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Ազգային Առաջընթաց» կուսակցության 1-ին համարները։

Ի տարբերություն խոշորացված համայնքների, Երևան քաղաքի դեպքում չի գործում վարչական շրջաններից թեկնածուներ ներկայացնելու պահանջը (խոշորացված համայնքներում առաջադրվող կուսակցությունները պիտի ներկայացնեն թեկնածուներ բնակավայրերի առնվազն կեսից)։ Միաժամանակ բոլոր կուսակցությունները ներկայացրել են թեկնածուներ վարչական շրջանների առնվազն կեսից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Ապրելու Երկիր» կուսակցությունը ներկայացրել են թեկնածուներ բոլոր վարչական շրջաններից։

«Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» ներկայացրել է թեկնածուներ ութ վարչական շրջանից։ 4 ուժեր ներկայացրել են թեկնածուներ ինը վարչական շրջանից, 5 ուժ՝ տաս վարչական շրջանից և «Ազգային Առաջընթաց» կուսակցությունը թեկնածուներ չի առաջադրել միայն Նուբարաշեն վարչական շրջանից։ Նուբարաշեն համայնքից թեկնածու չի ներկայացրել 10 ուժ, Նորք-Մարաշից 11 ուժ, Ավանից՝ 4 ուժ, Դավթաշենից 2 ուժ, Էրեբունուց և Մալաթիա-Սեբաստիայից՝ 1-ական ուժ։

 

Leave a Reply

Your email address will not be published.