Հայ երիտասարդ բռնցքամարտիկները շարունակում են փայլուն մրցելույթներ ունենալ Եվրոպայի առաջնությունում

Հայ երիտասարդ բռնցքամարտիկները շարունակում են փայլուն մրցելույթներ ունենալ Եվրոպայի առաջնությունում

Վազգեն Բադալյանի գլխավորած Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն առանց պարտության շարժվում է առաջ։ 5-րդ մրցումային օրվա հաղթական մեկնարկը 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանինն էր, որը քառորդ եզրափակչում ժամանակից շուտ հաղթել է ռումինացի Ալեկսանդրյու Բոռլանին։ Հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո ռինգի մրցավարը մրցակցի առողջությունից ելնելով՝ դադարեցրել է մենամարտը։

63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես հաղթել է ու ապահովել առնվազն բրոնզ։ Նա պարտության է մատբել չեխ Վոշթեջ Վերենացեկին։ Ընդ որում՝ Մկրտչյանը երկու անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել։

Եվրոպայի առաջնությունում հերթական տպավորիչ հաղթանակը տոնել է 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը, որը նախորդ մենամարտում մրցակցին հաղթել էր վայրկյանների ընթացքում։ Այս անգամ Բաբլումյանի հարվածներին չի դիմացել էստոնացի Ջոսեպ Պալմին։ Բաբլումյանը նույնպես ապահովել է մեդալ։

Առաջին մրցահերթի վերջին հաղթանակն Արման Միսկարյանինն էր։ 71 կգ քաշային մարզիկն առաջին ռաունդում 3 անգամ նոկդաունի է ենթարկել չեխ մրցակցին և մրցավարը դադարեցրել է մենամարտը` գրանցելով տեխնիկական նոկաուտ։

Երկրորդ մրցահերթում Եվրոպայի առաջնությունում մեդալ է ապահովել նաև 75 կգ քաշային Արման Պողոսյանը։ Նա համառ պայքարում պարտության է մատնել ալբանացի Ամար Կոչիին։

Leave a Reply

Your email address will not be published.