ՄԻՊ. Մահացու վիրավորումով 2 զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից հետո նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ

ՄԻՊ. Մահացու վիրավորումով 2 զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից հետո նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ

Մահացու հրազենային վիրավորումով 2 զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ միջադեպերի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին:

Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունը մտահոգությունների տեղիք է տալիս։ Պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների կողմից ինչպես նշված գործերի արդյունավետ քննության իրականացումը, այնպես էլ համանման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը։

Զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող ցանկացած հարց գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների հասցեավորմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը։

Հիշեցնենք՝ ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին, որ օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, գետնատնակի մոտ այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել է ինքնասպանության փորձ։ Զինծառայողը տեղափոխվել է Արարատի ԲԿ, այնտեղից՝ Երևան՝ զինհոսպիտալ: Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան, հոսպիտալից հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ժորա Կարապետյանը մահացել է։

Օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:

Leave a Reply

Your email address will not be published.