Սդրբեջանցիները թույլ չեն տվել Գորիսից Արցախ տեղափոխել մեր 27 քաղաքացիներին․ Արցախի պետնախարար

Սդրբեջանցիները թույլ չեն տվել Գորիսից Արցախ տեղափոխել մեր 27 քաղաքացիներին․ Արցախի պետնախարար

Այսօր ռուս խաղաղապահները ՀՀ Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել մեր թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշի քաղաքի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել ու անանց վիճակում է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Արցախի ողջ բնակչությանը թողնելով հումանիտար բեռնափոխադրումների հույսին: Հարյուրավոր արցախցիներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում և գրեթե չորս ամիս է՝ չեն կարողանում վերադառնալ Արցախ՝ իրենց բնակավայր:

Այսօր ռուս խաղաղապահները ՀՀ Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել մեր թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշի քաղաքի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիներն արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիների տեղափոխումը Ստեփանակերտի հիվանդանոց: Իսկ մնացածներին ռուս խաղաղապահները հիմա վերադարձնում են քաղաք Գորիս, քանզի երկարատև ու համառ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել:

Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար հայտարարող Ադրբեջանը այսօր բացահայտորեն արգելել է արցախցիների մուտքը իրենց բնակավայր: Ադրբեջանը լրիվ հակառակ մոտեցումն է ցուցաբերում Արցախից Հայաստան մեկնողների մասով, ինչն ուղղակիորեն փաստում է Արցախից հայերին հեռացնելու նրանց հանցավոր վարքագիծն ու մտադրությունը: Դեպքի հանգամանքների մասին առավել համոզիչ փաստերը կներկայացվեն ավելի ուշ»,- գրել է Ներսիսյանը:

Leave a Reply

Your email address will not be published.