Սերգեյ Կոպիրկինը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին

Սերգեյ Կոպիրկինը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ում ուղեկցում էին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վ.Պ.Ֆեֆիլովը: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունելով ՌԴ դեսպանին, կարևորեց հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների պահպանումը և զարգացումը, ներկա համագործակցության հետագա խորացումը։

Կարեն Սարգսյանը և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկեցին 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջեւ ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս՝ երկու պետությունների տարածքային միավորների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության և կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:

Այնուհետ մարզպետը ՌԴ դեսպանին ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը և դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Կողմերը նշեցին ռուս-հայկական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ այս համատեքստում ընդգծելով անվտանգության ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության պահպանմանն ուղղված քայլերը։

Այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՌԴ դեսպանին ուղեկցեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայից տուժած Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր՝ ստեղծված սահմանային իրավիճակը և բնակավայրերի վերականգման գործընթացը տեղում դիտարկելու նպատակով։

Այնուհետ մարզպետի ուղեկցությամբ հյուրերը եղան նաև Վարդաձոր գյուղի «Ռուսական կենտրոն»-ում և Սևանի թիվ 6 դպրոցում, որտեղ գործում է ռուսաց լեզվի դասասենյակ։ Կենտրոնի սաները ցուցադրեցին իրենց գիտելիքները Ռուսաստանի և նրա պատմության մասին, իսկ դպրոցի սաները ներկայացրին ռուս-հայկական բարեկամությանը նվիրված երաժշտական համարներ։

Leave a Reply

Your email address will not be published.