Փաշինյանը խոսել է նաև Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Փաշինյանը խոսել է նաև Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

 

Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճին:

 

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:

 

Վրաստանի վարչապետը հայտնել է, որ պատրաստ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման:

 

Երկուստեք կարևորվել է խաղաղ բանակցային ճանապարհով առկա հիմնախնդիրների կարգավորումը:

 

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ պատրաստակամ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Leave a Reply

Your email address will not be published.