Քաղաքական կարճատեսություն և արկածախնդրություն է կարծելը, թե տարածաշրջանում անվտանգային ճարտարապետություն կարելի է կերտել առանց Ռուսաստանի մասնակցության․ Սեյրան Օհանյան

Քաղաքական կարճատեսություն և արկածախնդրություն է կարծելը, թե տարածաշրջանում անվտանգային ճարտարապետություն կարելի է կերտել առանց Ռուսաստանի մասնակցության․ Սեյրան Օհանյան

ՀՀ գործող իշխանությունը այսպես կոչված խաղաղության գործընթացի շղարշի ներքո իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որը սպառնում է հայկական երկու պետությունների գոյությանը, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա շեշտեց՝ Արցախը հայտարարելով Ադրբեջանի մաս՝ ՀՀ իշխանությունը հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության պաշտպանի հանձնառությունից, զուգահեռ՝  գեներացնում ու խրախուսում է հակառուսական տրամադրություններ՝ դրանք ուղեկցելով ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու կործանարար փորձերով՝ այն դեպքում, երբ արցախահայության թեկուզև նվազագույն անվտանգությունն այսօր ապահովում են ռուս խաղաղապահները։

«Հայ ժողովուրդը ծանր, ճակատագրական հարվածներ է ստացել, և Հայաստանը վերածվել է գլոբալ աշխարհաքաղաքական ուժերի միջև բախման թատերաբեմի։ Հայաստանում այդ ուժերի միջև բախման նախադրյալների ստեղծումը կամ նրանց միջև հակասությունների խորացումը կործանարար է երկրի համար»,- շեշտեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով՝ առնվազն քաղաքական կարճատեսություն և արկածախնդրություն է կարծելը, թե տարածաշրջանում  անվտանգային ճարտարապետություն կարելի է կերտել առանց Ռուսաստանի մասնակցության։

Նա նաև կոչ ուղղեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի իշխանություններին։

«ՀՀ իշխանությունները պարտավոր են վերադառնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հանձնառությանը, դադարեցնել Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածումը և խրախուսումը, պատրաստ լինել ինքնուրույն լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները՝ մեղքը ուրիշի վրա գցելու փոխարեն։

Եվ կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին՝ հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը, գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Քաշաթաղի՝ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների անխոչընդոտ, երկկողմանի տեղաշարժը»,- խոսքն ամփոփեց Սեյրան Օհանյանը։

 

Leave a Reply

Your email address will not be published.