Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել. Փաշինյանը՝ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին

Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել. Փաշինյանը՝ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

Վարչապետը ֆրանսիացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի նկատմամբ, ինչի հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել և հավելել, որ գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով:

Երկուստեք կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ որոշման՝ Ադրբեջանի կողմից անհապաղ կատարելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ, հավելել է, որ ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն:

Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Միաժամանակ, ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը:

Leave a Reply

Your email address will not be published.