Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում. Փաշինյան

Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում. Փաշինյան

Չեմ կարող չանդրադառնալ նաև տարբեր կողմերից, և մասնավորապես, Ադրբեջանից հնչող մի շարք ագրեսիվ հայտարարությունների՝ կապված Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հետ, բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Արդեն ասացի, որ ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր այդ իրավունքը: Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը` կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը:

 

Կրկին արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ: Ինչպես ասել եմ` մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից:

 

Մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով և բացի դա անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին: Օրինակ, զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ: Այդ սահմանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով վեր է ածվել պետական սահմանի և Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո:

 

Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:

 

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից»,-հայտարարել է վարչապետը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.