Ադրբեջանի սադրանքները հղի են լայնածավալ ռազմական էսկալացիայի վերածվելու վտանգով. ՀՀ նախագահը՝ Լիոնի քաղաքապետին

Ադրբեջանի սադրանքները հղի են լայնածավալ ռազմական էսկալացիայի վերածվելու վտանգով. ՀՀ նախագահը՝ Լիոնի քաղաքապետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրերին նախագահը, մասնավորապես, ասել է. «Լիոնն այն քաղաքն է, որտեղ մենք ունենք շատ բարեկամներ, կա բավականին ներկայացուցչական և կազմակերպված հայկական համայնք: Դա չէր լինի, եթե, իհարկե, չլիներ Ֆրանսիայի և տեղական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը:
Համոզված եմ, որ մեր սերտ և բարեկամական հարաբերությունները, ակտիվ համագործակցությունը շարունակություն են ունենալու: Համոզված եմ նաև, որ ձեր այս այցելությունը նոր շունչ և ոգևորություն կտա մեր հարաբերություններին»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Գրեգորի Դուսեն նշել է. «Այն դարավոր բարեկամական կապերը, որոնք մենք ունենք, մինչ օրս ուժի մեջ են և շարունակվում են: Մենք մեծ ցանկություն և պատրաստակամություն ունենք հնարավորինս աջակցել Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես ժամանակին արել են ֆրանսիացի բազմաթիվ մեծ գործիչներ: Հավաստիացնում եմ, որ իմ կարողությունների շրջանակում կանեմ ամեն հնարավորը Հայաստանին աջակցելու համար»:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանը: Երկուստեք շեշտվել է հումանիտար միջանցքի բնականոն գործունեության անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում նախագահը մանրամասներ է հայտնել նախօրեին Հայաստանի տարածքում՝ Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքի վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է 4 և վիրավորում ստացել 6 հայ զինծառայող: Հանրապետության նախագահը նշել է, որ նման սադրանքները պարբերական բնույթ են կրում և հղի են լայնածավալ ռազմական էսկալացիայի վերածվելու վտանգով: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածության թուլացման վրա որոշակի ազդեցություն է ունենում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում:

Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման սկզբունք և հավատարիմ է այդ դիրքորոշմանը:

Leave a Reply

Your email address will not be published.