Ադրբեջանի կողմից հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի աճյունի մոտ եղել է սեպտեմբերյան մարտերի հետեւանքով անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Վահեի հայրը՝ Արամ Թորոսյանը։
Վահեի հորը փոխանցել են, որ նույնականացման գործընթացի պատասխանը հայտնի կլինի մեկ-երկու օրից։
«Մարմինն անճանաչելի է։ Հեռախոս է եղել մոտն ու իր զինվորական գրքույկը, բայց մենք ամեն դեպքում սպասում ենք ԴՆԹ փորձաքննության պատասխաններին»,- նշեց նա։
Աճյունը դուրս է բերվել Ներքին Հանդի ուղղությունից։ Վահեն սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապվել էր ընկերոջ հետ և բացատրել, որ Ներքին Հանդում է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող, այս պահի դրությամբ արդեն 2-ն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է: