Աթոռապաշտությունն անփույթ ու անարվեստ ձեռնածությամբ փաթեթավորվում է հայրենասիրությամբ ու սկզբունքայնությամբ, սա չէ Խաչի ճանապարհը, սա ճանապարհն է ինքնաոչնչացման. Արշակ Սրբազանի քարոզը

Աթոռապաշտությունն անփույթ ու անարվեստ ձեռնածությամբ փաթեթավորվում է հայրենասիրությամբ ու սկզբունքայնությամբ, սա չէ Խաչի ճանապարհը, սա ճանապարհն է ինքնաոչնչացման. Արշակ Սրբազանի քարոզը

 

Չկա համերաշխություն՝ առանց հոգևոր, բարոյական ու գաղափարական ընդհանրության: Երբ Համերաշխությունն ու Միաբանությունը նոսրանում են և սերը ցամաքում, ծնվում է Հանդուրժողականությունը․ մի բան, որ անսեռ է և անգույն, Հանդուրժողականությունը, որ եղբայրն է Անտարբերության, բայց անպատկառ համառությամբ ձգտում է բազմել Սիրո գահավորակին, Խաչվերացի տոնի առթիվ իր քարոզում հայտարարել է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

 

«Այսօր սպասված օր է` Տիրոջ Սուրբ Խաչի Վերացման տոնը. իրադարձություն, որը՝ համաժողովրդական իր տարողությամբ, առանձնակի ջերմություն ու ներշնչանք է հարուցանում հոգևոր և ազգային մեր կյանքում:

 

Այս օրերին համընդհանուր հանգստություն ու սրբություն է, կարծեք, իջնում մարդկանց հոգիներին: Սուրբ Խաչի Վերացման այս տոնին մեր մտքերը ևս վերանում են դեպի երկինք, մեր հայացքները՝ մխրճվում պատմության խորքերը. վերապրում ենք Սուրբ Խաչի նվիրագործման սուրբ հիշատակները:

 

Շուրջ 2000 տարիներ առաջ էր, երբ հեթանոսաց Առաքյալ Պողոսը Փոքր Ասիայի Գաղատիա քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղած իր նամակում անվիճարկելի համոզվածությամբ հայտարարում է. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ. 6.14):

 

Աշխարհի մարդկանց համար խիստ տարօրինակ է Պողոս Առաքյալի պարծանքը։ Ինչպե՞ս կարելի է պարծենալ փայտե գործիքով: Հին աշխարհում հույները պարծենում էին իրենց արվեստով ու գիտությամբ, հռոմեացիներն իրենց խիզախությամբ ու հզորությամբ, մինչդեռ քրիստոնյաների համար պարծանք դարձավ ընդամենը Խաչը. մի գործիք, որ ծառայում էր ընդամենը մահվան դատավճիռներ իրագործելու համար»,- նշել է Արշակ Սրբազանը:

Leave a Reply

Your email address will not be published.