ԱԺ-ն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը

ԱԺ-ն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը

Ազգային ժողովը 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկացված «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքիե նախագծերի փաթեթը։

 

Նախագծի համաձայն.

 

«ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, շինարարության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար:

 

Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է պատվավոր կոչումների շրջանակը, որոնք են՝ ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի, վաստակավոր բժշկի, վաստակավոր իրավաբանի, վաստակավոր արտիստի, վաստակավոր նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր մանկավարժի, վաստակավոր լրագրողի, տնտեսության վաստակավոր աշխատողի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, վաստակավոր մարզչի եւ վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը: Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների, ինչպես նաեւ քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների հիման վրա:

 

Մշակույթի և արվեստի ոլորտում ներկայումս նախատեսված պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ որեւէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: «Ժողովրդականություն», «վաստակավորություն» հասկացությունները չափելի եւ որեւէ կոնկրետ չափանիշով գնահատելի չեն, ինչպիսի պայմաններում հնարավոր չէ նախատեսել այնպիսի օբյեկտիվ չափանիշներ, որոնք հնարավորություն կտան տվյալ ոլորտի գործիչների գործունեությունը եւ արժանիքներին տալ այնպիսի չափելի գնահատական, որը հնարավորություն կտա առանձնացնել առավել ժողովրդականներին կամ ամենաժողովրդականներին: Ակնհայտ է, որ «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի եւ գործունեության հանրային ընկալումը, ինչը չի կարող ո՛չ ստուգվել կամ չափվել, ո՛չ էլ առավել եւս վավերացվել կամ մերժվել որեւէ իրավասու պետական մարմնի կողմից:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է մշակութային հաստատությունների կառավարման արդիականացումը, ստեղծագործողի գործունեության արդյունավետության հարաբերականորեն չափելի ցուցիչների սահմանումը, անորոշ սկզբունքներով վաստակավոր եւ ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումն ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը: Տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի ղեկավարի անկաշկանդ կադրային քաղաքականություն եւ ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը:

 

Նախագծի շրջանակում առաջարկվում է վերանայել Հայաստանի Հանրապետությունում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը:

 

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Օրենքով սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսևորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրույթների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձեւավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների եւ մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում»:

Leave a Reply

Your email address will not be published.