ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա։ Այս մասին թելեգրամյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կից հրապարակելով Հայաստանի տարածքն արտացոլող քարտեզ, սակայն րոպեներ անց խմբագրել է գրառումը՝ մեկ այլ քարտեզ տեղադրել, որում, ի տարբերություն նախորդի, որպես ադրբեջանական են ուրվագծված Տավուշի և Արարատի մարզերում գտնվող և անկլավային համարվող բնակավայրերը։
«Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-որ մեկը, այդ թվում նաև ես, ասել ենք կամ ասում ենք, որ օրինակ՝ Ոսկեպար գյուղը հայկական չէ, կամ Տավուշի մարզից որևէ մաս հայկական չէ, պետք է հանձնվի:
Որոշ լրագրողներ էլ իրենց թույլ են տալիս ասել, որ Տավուշում գյուղ է հանձնվում:
ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա։
Գնալ, մտնել սահմանամերձ գյուղեր և կրքեր հրահրել՝ նենգափոխելով իրականությունը, ասածները, մարդկանց հույզերի վրա խաղալը ամենավերջին որակների վառ ապացույց է:
Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել ոչ մեկին:
Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ: Այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ»,- գրել է Սիմոնյանը: