Ղազախստանում մեկնարկել է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը, որը նախագահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է Kazinform գործակալությունը։
Հանդիպմանը մասնակցում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ավելի վաղ ստիպված էր եղել վերադառնալ Բիշքեկ՝ ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով։ Փոխարենը հանդիպմանը ներկա է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։
Հանդիպմանը մասնակցում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
Հանդիպումն անցկացվելու է նեղ և ընդլայնված կազմերով (ԵԱՏՄ դիտորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ)։ Դրա արդյունքում նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթեր։
Հանդիպման օրակարգում ներառված են ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ներկա վիճակի և հեռանկարների քննարկումը, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործողությունների ծրագիրը և ԵԱՏՄ երկրների երկաթուղիների միջև ինտեգրացիոն փոխգործակցությունը։
Նիստից առաջ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները այցելել են Digital Almaty-2024 համաժողովի թվային ցուցահանդես, որտեղ ներկայացված են ավելի քան 300 միջազգային ՏՏ ընկերությունների թվային նախագծեր։
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը և մեկ տարի նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։