ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Տեղ գյուղի շրջակայքում ադրբեջանական կողմի գործողությունները, սադրանքի սցենարը կանխատեսվել էին, կոնկրետ անձանց տրվել էին կոնկրետ հանձնարարություններ, որոնց կատարումը, սակայն, ձախողվել է:
Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
Վարչապետը նշեց՝ կան իրավիճակներ, որոնք կանխատեսելի չեն: Բայց կոնկրետ այդ իրավիճակն այն դեպքերից է, որ կանխատեսվել էր: Վարչապետն այդ թեմայով խորհրդակցություններ է հրավիրել, կոնկրետ հանձնարարականներ տվել, խնդիրներն է առաջադրել:
«Սակայն, իմ գնահատմամբ, այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար: Եվ առնվազն ինձ համար միանշանակ է, որ այստեղ էլ պետք է քննենք ու հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է այդպես տեղի ունեցել: Այն, որ Ադրբեջանի պահվածքն ու գործունեությունը եղել է ուխտադրուժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա: Բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ: Այդ սցենարը նույնպես կանխատեսվել է:
Եվ այդ սցենարի շրջանակներում նույնպես կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ: Եվ այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է: Եվ իհարկե դրան պետք է հետևեն որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ, բայց նաև պետք է ավելի խորը քննենք ու հասկանանք, թե ինչու է այդպես դասավորվել»,-ասաց Փաշինյանը: