ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տրամաբանություն չի տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական տարածքով Նախիջևան տարանցումը բացելու մասին հայտարարություններում։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Երևանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանը, Ադրբեջանի համար բացել ճանապարհը դեպի Նախիջևանի էքսկլավ։
Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ ասվում էր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Հայաստանի կողմից Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի անվտանգության երաշխիքի մասին։
«Այն, ինչ ասաց պարոն Փաշինյանը, ես այնտեղ տրամաբանություն չտեսա, անկեղծ ասած, դժվար թե տեղին լինի համեմատել այս երթուղիները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Համոզված եմ, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի վերականգնումն այլընտրանք չունի, դրա պարամետրերն ամրագրված են եռակողմ համաձայնագրով։ Երթուղին անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության հսկողության ներքո։ Այնտեղ սկզբունքորեն համաձայնեցվել են սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերը Ադրբեջանից Հայաստան մուտքի և Հայաստանից ադրբեջանական Նախիջևան ելքի ժամանակ»,- ասել է Լավրովը։