Այս քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԱԾ-ին

Այս քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԱԾ-ին

 

Ի պատասխան Հայաստանի բարի կամքի ցուցաբերման՝ ականապատ տարածքների 8 քարտեզներն Ադբեջանին հանձնելու պատրաստակամության Բաքուն հանդես է եկել հայտարարությամբ ու Հայաստանին մեղադրել ռազմական հանցագործությունների համար։

 

«Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, այս քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»,-ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

 

Ադրբեջանը նաև մեղադրել է Հայաստանին Արցախի տարածքների ականապատման համար՝ հայտարարելով, որ դրանք «ադրբեջանական տարածքներ» են, իսկ ականապատումը խանգարում է «լայնածավալ վերականգնողական աշխատանքներին, խաղաղ բնակչության, ինչպես նաև ներքին տեղահանվածների վերադարձին, և նրանց խաղաղ ապրելու հիմնական սպառնալիքներից մեկն է»։

 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես ասված է. «Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ:

Այդ տեղեկամատյանները առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների»։

 

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանի տրամադրած քարտեզները 25 տոկոսով են ճշգրիտ։

 

«Մենք բազմիցս նշել ենք, որ ներկայացված քարտեզներն անօգուտ են, թերի են և չեն արտացոլում իրական իրավիճակը։ Չնայած այս քարտեզները ցույց են տալիս, որ Ադրբեջանի տարածքներում 400 հազար ական կա թաղված, սակայն իրականում ականների թիվն անցնում է 1 միլիոնից։ Վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55%-ը տեղի է ունեցել Հայաստանի տրամադրած քարտեզներով նշված տարածքներից դուրս»,-նշել են թշնամի երկրից։

 

Բաքվում հայտարարել են, որ 2020 թվականի արցախյան երրորդ պատերազմի ավարտից ի վեր, ականների պայթյունից տուժել է 342 ադրբեջանցի, նրանցից 65-ը մահացել են, այդ թվում 3 լրագրող։ 65 սպանվածներից 50-ը, ըստ հայտարարության, խաղաղ բնակիչներ են եղել։

 

«Այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, և այդ տարածքների պարագծով նույնիսկ 2020 թվականից հետո, հայկական արտադրության նոր ականների տեղադրման փաստ կա։ Հայտնի է, որ այստեղ տեղադրված է ավելի քան 500 հազար ական։ Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք ամբողջությամբ չեն տրամադրվել Ադրբեջանին»,-նշել են Բաքվում։

Leave a Reply

Your email address will not be published.