Անդրանիկ Շեգունցը Տեղ համայնքում զրկվել է իրեն պատկանող վարելահողից. Արման Թաթոյան

Անդրանիկ Շեգունցը Տեղ համայնքում զրկվել է իրեն պատկանող վարելահողից. Արման Թաթոյան

Անդրանիկ Շեգունցը Տեղ համայնքի այն բնակիչներից է, որը զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքից` վարելահողից: Տեղ գյուղ ադրբեջանական հանցավոր ներխուժման հետևանքով Անդրանիկ Շեգունցը չի կարողանում տնօրինել օրինական փաստաթղթերով իրեն պատկանող 1.5 հեկտար հողատարածքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նա ունի սեփականության իրավունքի վկայական, կան նաև պահանջվող մյուս բոլոր  հիմքերը, որոնք վկայում են, որ հողատարածքը  2003 թվականից պատկանում է հենց իրեն։ Վարկով վերցրած գումարով ցորեն է աճեցրել, մշակել հողատարածքը, բայց հիմա հողատարածքում ադրբեջանական զինված ծառայողներն են, մոտենալ անգամ չի կարողանում։

Շեգունցների 13-հոգանոց ընտանիքը զրկվել է ապրուստի հիմնական միջոցից։ Ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներկայության պայմաններում ընտանիքը չի կարողանում զբաղվել նաև անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Այս հարցերը նույնպես տեղ կգտնեն մեր զեկույցներում ու կդրվեն քայլերի հիմքում:

Խաթարվել է նրա ընտանիքի բնականոն կյանքն ու անվտանգությունը, էականորեն վատացել է սոցիալական վիճակը։ Տեղ համայնքում այսպիսի վիճակում են հայտնվել տասնյակ ընտանիքներ` ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումների և անօրինական ներկայության պատճառով:

Սա ընդամենը օրինակներից մեկն է, որ  ապացուցում է, որ ադրբեջանական զինված ծառայողները խաթարում են  մեր  խաղաղ բնակիչների բնականոն կյանքը, անվտանգությունը: Ամեն ինչ պետք է անել նրանց հեռացնելու համար մեր բնակավայրերից ու համայնքների միջև ճանապարհներից, այդ թվում` միջազգային մեխանիզմների գործադրմամբ:

Leave a Reply

Your email address will not be published.