Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանն ընտրվեց Գյումրիի փոխքաղաքապետ: Նշենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել Դավիթ Առուշանյանի` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր դառնալուց հետո:
Գյումրիի ավագանու նիստում ունեցած իր ելույթում Վահագն Մկրտչյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է առաջադրվել այդ պաշտոնում, քանի որ իր տոհմը քաղաքում ունի 200 և ավելի տարվա պատմություն:
Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 21 անդամ ՔՊ-ից և «Բալասանյան» դաշինքից:
Փոխքաղաքապետ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում Վահագն Մկրտչյանն անդրադարձավ նրան, որ ինքը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է. «Մեր քաղաքը և երկիրը այնքան փոքր է, որ բացառված է, որ գտնենք մարդ, որ ազգակցական կամ ընկերական հարաբերություն չունի ինչ-որ մի պաշտոնյայի հետ»:
Նշենք, որ Վահագն Մկրտչյանը 28 տարեկան է, ավարտել է Բժշկական համալսարանը։ Մասնագիտությամբ ատամնաբույժ է։ Բայց նրա գլխավոր «արժանիքն» այն է, որ վերջինս Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է։
Նրա հայրը Տերյան փողոցում գտնվող իրենց անձնական բիզնես համարվող ապակիների և հայելիների արտադրամասի վերջին հարկում բացել է «Բիոդենտ» ատամնաբուժարանը ու նվիրել որդուն։