Երևանի կենտրոնում՝ Կասկադում, բազմաթիվ ծառեր են հատվում: Սոցիալական ցանցերում ծառահատումը բազմաթիվ օգտատերերի դժգոհություններն են առաջացրել:
Քաղաքապետարանից պարզաբանում են, որ դրանք այլևս կենսունակություն չունեցող և դեֆորմացված ծառեր են:
Բնակիչների հետ հանդիպմանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասաց, որ կտրված ծառերը փոխարինվելու են նորերով:
«Մոսկովյան փողոցը երկու կողմից պատված է այգիներով, համեմատաբար կանաչապատ է: Այնտեղ կան ծառեր, որոնք ստեղծում են ստվերներ, և որոշում կայացվեց ավելի դեկորատիվ ծառերով զարդարել փողոցը: Մոսկովյան փողոցի մի հատվածը տնկված է նույն սակուրա տեսակի ծառատեսակներով և հանդիսանում է շատ մարդկանց զբոսավայրը»,- նշեց Բեգոյանը:
Նրա պատասխանը, սակայն, չգոհացրեց հավաքված բնակիչներին, որոնք կարծում են, որ կտրվում են առողջ ծառեր, ինչի հետևանքով մայրաքաղաքը զրկվում է մաքուր թթվածնից:
Քաղաքապետարանի պաշտոնյայի և բնակիների միջեւ լեզվակռիվ սկսվեց:
«Դուք այն զանգվածը չեք, որի հետ կարելի է լուրջ խոսել»,- նշեց նա ու հեռացավ: