Կառավարության զեկույցում ներկայացված ձեռքբերումների ցանկացած կետ ՀՀ քաղաքացին պարզապես չի կարող չզգալ: Իր եզրափակիչ ելույթում, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքին, թե Կառավարության ներկայացրած զեկույցում ընդգծված ձեռքբերումները Հայաստանի քաղաքացիները չեն զգում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ վերջին 5 տարում 500 կմ հիմնանորոգված ճանապարհներով ՀՀ քաղաքացին ենթևեկում է և չի կարող դա չնկատել. «ՀՀ քաղաքացիները չեն կարող չնկատել, որ իրենց ընտանեկան միջոցները, որոնք նախկինում ավտոմեքենաներ նորոգելու համար էին ծախսվում, հիմա ծախսվում են, գուցե, այլ կարիքների համար: ՀՀ քաղաքացիները չեն կարող չնկատել 437.568 դեպք առողջապահության լրացուցիչ ծառայությունը, որ ստացել են ՀՀ առողջապահական հիմնարկները: Չի կարող ատեստավորված ուսուցիչը չնկատել, որ իր աշխատավարձը կրկնապատկվել է: Մենք բոլորս չենք կարող չնկատել, որ ՀՀ-ում կա ուսուցիչ, որ ստանում է 400-450,000 դրամ աշխատավարձ: Սա մի իրողություն է, որը երբեմնի ֆանտաստիկայի ժանրից է: Չեն կարող գիտնականները չկատել, որ իրենց աշխատավարձը 66-ից բարձրացել է 166 տոկոսով»:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Կառավարությունն աջակցում է Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանք ամեն ամիս ստանում են տարբեր չափի գումարներ. «Այլ բան է, որ մենք ամեն անգամ այդ գումարները տալուց ռեպորտաժներ չենք անում, մեծ միջոցառումներ չենք կազմակերպում և նրանց ֆոնին չենք նկարվում»:
Փաշինյանը նաև նշեց, որ գրանցվել է նոր պատմական ռեկորդ՝ 706 հազար թափուր աշխատատեղ կա. «Նախկինը 704 հազար էր, նախորդ տարվա մարտի համեմատ այս տարի ունենք 51 հազարով ավելի աշխատավարձ: Սրանք այն մարդիկ են, որոնք գուցե այլևս սոված չեն քնում, որովհետև աշխատում են և ստանում են աշխատավարձ»: