Արարատ Միրզոյանը կոչ արեց ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում

Արարատ Միրզոյանը կոչ արեց ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում

«Ձեզանից ոմանք հայտարարություններում դեռ շարունակում են կողմերին ընդհանուր կոչեր անել։ Այդ մոտեցումն այլևս կիրառելի և տեղին չէ, այլևս չկան հակամարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր, այլևս չկա հակամարտություն, կա ոճրագործության իրական սպառնալիք»,- այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 

Նա հարց ուղղեց, թե արդյոք դեռ հնարավոր է այդ ոճրագործությունը հիմա կանխել։ «Մենք այստեղ ենք, քանի որ հավատում ենք, որ հնարավոր է, քանի որ դեռ հավատ ունենք մարդկայնության և միջազգային իրավունքի նկատմամբ, հազարավոր մարդկանց կյանքերի վտանգման պարագայում Անվտանգության խորհրդի վճռական քայլեր կատարելու կարողության նկատմամբ»․- ասաց ԱԳ նախարարը;

 

Նա կոչ արեց վստահելի քայլեր ձեռնարկել՝ իրականացնելու հետևյալ հրատապ միջոցառումները․

 

– Դատապարտել մարտական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորումը,

 

– Պահանջել միջազգային իրավունքի նորմերից բխող պարտականությունների լիակատար իրականացում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց պաշտպանելու, ներառյալ կանանց և երեխաներին պաշտպանելու պարտականությունների կատարում,

 

– Անմիջապես տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն ԼՂ-ում, որի նպատակը կլինի մշտադիտարկել և գնահատել մարդու իրավունքները և մարդասիրական իրավիճակը,

 

– Ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և այլ կազմակերպությունների համար ԼՂ անխոչընդոտ հասանելիությունը՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան,

 

– Ապահովել կողմերի լիարժեք և բարեխիղճ համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ՝ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու, այդ թվում՝ մարմինները գտնելու և վերադարձնելու, անհետ կորածներին գտնելու, ռազմագերիներին ազատ արձակելու, մարդասիրական օգնությունն առանց վտանգի տեղ հասցնելու համար՝ խստագույնս պահպանելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը,

 

– Ապահովել վերջին ագրեսիայի ընթացքում տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանվածների վերադարձը իրենց տներ ԼՂ-ում և հարակից շրջաններում ՄԱԿ-ի համապատասխան գործաալությունների վերհսկողության ներքո, ինչպես նախատեսված էր 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ,

 

– Պահանջել անմիջապես վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների և մեքենաների ազատ տեղաշարժը,

 

– Ապահովել երկխոսության արդյունավետ միջազգային մեխանիզմ՝ ԼՂ ներկայացուցիչների և պաշտոնական Բաքվի միջև՝ լուծելու ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված խնդիրները,

 

– Բացառել պատժողական գործողությունները ԼՂ քաղաքական և ռազմական անձնակազմի նկատմամբ և հնարավորություն ստեղծել, որ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր լինեն, որոնք կպահպանեն անվտանգությունն ու կայունությունը ԼՂ-ում:

 

Leave a Reply

Your email address will not be published.