Արթիկում բացվել է երիտասարդական կենտրոն

Արթիկում բացվել է երիտասարդական կենտրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Արթիկի երիտասարդական տուն» բաց երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, այլ համայնքների ներկայացուցիչներ:

Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ Արթիկում երիտասարդական տան բացումը էական նշանակություն կունենա համայնքի երիտասարդների կյանքում՝ փոխակերպելով նրանց ներկան:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին համագործակցության, երիտասարդական տուն բացելու նախաձեռնության և այդկերպ պետական քաղաքականությանը համահունչ գործունեություն իրականացնելու համար:

«ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն: Ուրախ եմ, որ այդ թիվն ավելի մեծ է լինելու՝ շնորհիվ այս նախաձեռնության: Շնորհավորում եմ Արթիկի երիտասարդներին, որոնք այս կենտրոնում կզարգացնեն իրենց կարողությունները, կապահովեն իրենց ինտելեկտուալ ժամանցը, կձևավորեն հանրային երկխոսություն, որը կլինի Արթիկ համայնքի, Շիրակի մարզի, Հայաստանի Հանրապետության կյանքը լավացնելու մասին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նա նաև հավելել է, որ կենտրոնը կլինի տարբեր ոլորտներում պետական քաղաքականությամբ իրականացվող ծրագրերի մասին իրազեկման հարթակ՝ համագործակցելով տարբեր կառույցների, միջազգային գործընկերների ու գերատեսչությունների հետ:

Leave a Reply

Your email address will not be published.