Բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել։ Այս մասին նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտանի հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ գրանցվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք` վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով։
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից 23-ամյա Անին ավելի վաղ Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել էր. «Ծանր հղիություն էի տանում, մի քանի անգամ պառկեցի Մարտակերտի հիվանդանոցում: Կար վառելիքի խնդիր, չէի կարողանում Ստեփանակերտ հասնել, իմ հիմնական կոնսուլտացիաները Ստեփանակերտում էր: Մի քանի անգամ գյուղի տրամադրած տրանսպորտով գնացի, բայց հետո հիմնականում, որ վատանում էի, գյուղի շտապ օգնությունով հասցնում էին Մարտակերտ։ Գիշերվա 2-ին մեծ դժվարությամբ եմ հասել Ստեփանակերտ։ Դժվարությամբ կապի հանեցինք շտապ օգնությունը: Մինչև վառելիքի խնդիրը լուծեցին, եկան, տարան Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր… Ես էլ արդեն հասկանում էի, որ շատ ուշ է»։
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը հայտարարություն էր տարածել նախօրեին՝ Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակման 247-րդ օրը։ Նա ահազանգել էր՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը օր օրի ավելի է խորանում, խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները։ Ամբողջ հայտարարությունը՝ այստեղ։