Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը

Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը

Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, և այս ընթացքում ընդհանուր առմամբ 337 բուժառու է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:

Չկայացած ուղերթում է նաև հղիության վերջին փուլում գտնվող ապագա մայրիկ, ում սպասվող փոքրիկին ծննդալուծումից անմիջապես հետո անհապաղ սրտաբանական վիրահատական միջամտություն է սպասվում, որը անհնար է անցկացնել Արցախում: Չեղարկված տեղափոխման մեկ այլ դեպք առնչվում է 9 տարեկան սուր լեյկոզով փոքրիկ արցախցու:

Առողջապահության նախարարությունը շարունակում է պաշտոնական հաղորդակցությունը «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հետ՝ օր առաջ կազմակերպելու ուղեգրված բուժառուների տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն:

Leave a Reply

Your email address will not be published.