Բաքուն ԼՂ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան

Բաքուն ԼՂ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ–ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա։ Մեր գնահատականը շարունակում է նույնը մնալ` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ սա առկա է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ, որտեղ հստակ արձանագրվում է, որ Լաչինի միջանցքի փակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետևանքների։
Հիշեցնելով Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի հետևանքով արցախցի երեք ոստիկանի սպանությունը՝ Փաշինյանն արձանագրել է. «ՌԴ ՊՆ-ն մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի արձանագրողն ադրբեջանական կողմն է։ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։ Այս առումով հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ ԼՂ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում»։

Վարչապետը նաև նշել է, որ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության եռակի խախտում. «Խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն ԼՂ շփման գիծը, այլև Լաչինի միջանցքի 5 կմ-անոց գոտին»։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Ըստ նրա՝ սա արձանագրված է նաև ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ։

«Կարևոր և անհետաձգելի եմ համարում, որ ՀՀ-ն միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է։ Այս առումով ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ»,-ընդգծեց նա։

Leave a Reply

Your email address will not be published.