Եթե պետական մակարդակով քայլեր չիրականացվեն, Արցախում կոչնչանա այն ամենը, ինչ հայկական ու քրիստոնեական է․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Եթե պետական մակարդակով քայլեր չիրականացվեն, Արցախում կոչնչանա այն ամենը, ինչ հայկական ու քրիստոնեական է․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել Արցախի Հանրապետության պատմամշակութային հուշակոթողները։ Օրերս ծանր տեխնիկայով ԱԺ շենքն էին քանդում, և այդ գործընթացը դետալ առ դետալ  ադրբեջանական լրատվամիջոցները նկարահանում ու տարածում էին համացանցում։ Զուգահեռաբար քանդում են հայկական գերեզմանոցներն ու տեղը  ճանապարհ կառուցում։ Մտնում են եկեղեցիներ, քանդում դրանք ու  վնասում, կատարվածը նկարահանում ու հետո, ինչպես  մյուս դեպքերում, վանդալիզմը նկարահանում ու տարածում են համացանցում։

168.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խոսելով Ադբեջանի վայրագությունները կանգնեցնելու հնարավոր քայլերի մասին, ասել է՝ հնարավոր է  կանգնեցնել Ադրբեջանին, անհնարին ոչինչ չկա, այլ հարց է, որ դրա համար անհրաժեշտ է կատարել պետական մակարդակով  համակարգված աշխատանքներ։

«Այդ աշխատանքները պետք է լինեն ոչ միայն Առաքելական եկեղեցու կողմից, այլև առհասարակ ամբողջ ապարատն այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացնի՝ ներգրավելով միջազգային բոլոր ատյաններին։ Այդ ճանապարհով հնարավոր կլինի կանխել այդ վայրագությունները։

Անշուշտ, այսօր Ադրբեջանն ականջալուր չի լինում որևէ մեկի հորդորին՝ այդ ամենը դադարեցնելու վերաբերյալ, Ադրբեջանն իր ծրագիրն է առաջ տանում»,- նշել է Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի թեմի առաջնորդն այս համատեքստում հիշեցրել է՝ մշտապես ահազանգել են, որ Ադրբեջանը որևէ բանի առաջ կանգ չի առնելու՝ օկուպացված Արցախում ոչնչացնելու հայկական հետքը։

«Ադրբեջանն ունի հեռահար ծրագրեր ու նպատակներ՝ անել այն ամենը, ինչն արել էին նախկինում Արցախում, երբ կրկին Արցախն իրենց օկուպացիայի տակ էր։ Սա Ադրբեջանի որդեգրած և արդեն հաստատված պետական մակարդակով ծրագիրն է՝ ոչնչացնել այն ամենը, ինչը հայկական ու քրիստոնեական է։ Իսկ այն թեզերը, թե հայկական եկեղեցիներն ուդիական են կամ չգիտեմ ինչական են՝ կեղծ թեզեր են։

Երբ մենք Դադիվանքում էինք, այն մի քաղցր կտոր էր Ադրբեջանի համար, մշտապես այցելում էին, լրատվամիջոցների բերում, նկարահանում ու տարածում էին։ Բայց երբ մենք այնտեղից ամբողջովին դուրս եկանք, որևէ շարժ ու լուսաբանում Դադիվանքից չի եղել։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն արհեստածին սարքած երևույթներ էր մատուցում հանրությանը՝ առաջ տանելով իր պետական ռազմավարությունը։ Մարդ պետք է խուլ ու կույր  լինի, որ այս ամենը չտեսնի ու չլսի։

Կրկնում եմ՝ Ադրբեջանը կկանգնի միայն լուրջ պետական ծրագրի գործադրումից հետո, որին նաև պետք է եկեղեցին ու այլ կառույցներ մասնակցեն։ Եթե միջազգային կառույցները և մենք չանցնենք լուրջ քայլերի, մենք Արցախում կկորցնենք այն ամենը, ինչ հայկական ու քրիստոնեական է»,- եզրափակել է Արցախի թեմի առաջնորդը։

Leave a Reply

Your email address will not be published.