Եկեղեցին նշում է Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օրը

Եկեղեցին նշում է Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օրը

 

Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված հինգ դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Ս. Թադեոս առաքյալին և նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է քահանա: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։

 

Ս. Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում:

 

Առաջնորդվելով աստվածային պատգամով` նրանք գալիս են հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն:

 

Արքունիքում Ոսկյաններին հետևում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները` Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ տասնութ պալատականներ, ովքեր մկրտվում են Եփրատ գետում և Ոսկյանների հետ հեռանում են լեռներ:

 

Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք:

 

Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց:

 

Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունն ըստ եկեղեցական օրացույցի տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը կամ Սուքիասյանց տոնի հետ միասին։

Leave a Reply

Your email address will not be published.