ԵՄ դիտորդներն Ադրբեջանի ագրեսիայի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումներն արել են, զեկուցում են Բրյուսելին. Արարատ Միրզոյան

ԵՄ դիտորդներն Ադրբեջանի ագրեսիայի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումներն արել են, զեկուցում են Բրյուսելին. Արարատ Միրզոյան

Ապրիլի 11-ին ադրբեջանական ուժերի հերթական սադրանքի պահին Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները տեղում չեն եղել, սակայն իրենց դիտարկումներն արել են, իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, զեկուցում են Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանը:

Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց, թե արդյոք ապրիլի 11-ի Ադրբեջանի սադրիչ գործողությունները եղել են ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային խմբի տեսադաշտի ներքո, արդյոք նրանք ունեցել են հնարավորություն՝ արձանագրելու այս սադրանքները:

«Անշուշտ, երեկ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը: Այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց՝ ընթացող ագրեսիվ գործողությունների, փոխհրաձգության վերաբերյալ: Նրանք նաև նշել են, որ իրենք այդ պահին տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են, իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում՝ ոչ հրապարակային»,-ասաց Միրզոյանը:

Հայկական կողմն առայժմ տեղեկություն չունի, թե ինչպիսին է այդ զեկույցը:

Աղաջանյանը հետաքրքրվեց, թե նմանատիպ սադրանքների պարագայում արագ արձագանքման որևէ հնարավորություն կա արդյոք ԵՄ-ի կողմից: Միրզոյանը պատասխանեց, որ, բնականաբար, այդպիսի իրավիճակներում Հայաստանն անմիջապես տեղեկացնում է բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ԵՄ-ին, ԵՄ անդամ երկրներին:

Հայաստանը դրանով նաև ակնկալում ու հայցում է նրանց արագ արձագանքը: Նախորդ օրը ԱԳ նախարարությունը նաև  հայտարարություն է տարածել, որի վերջին մասում  կրկին իրավիճակի շուրջ հրավիրել է բոլոր գործընկերների ուշադրությունը և կոչ արել հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություները դատապարտող հասցեական հայտարարություններով ու հետագա էսկալացիան կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկել:

Leave a Reply

Your email address will not be published.