Վերջերս ինձ անընդհատ հարց եմ տալիս՝ ինչու ՀՀ-ն խաղաղության պայմանագիր չի կնքում Վրաստանի, Իրանի կամ Թուրքիայի հետ, այլ ուզում ենք խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Այստեղ տրամաբանական հարց կարող է առաջանալ. որովհետև մենք իրենց հետ պատերազմի մեջ ենք։ Իսկ ով է ասում, որ մենք իրենց հետ պատերազմի մեջ ենք, մենք իրենց հետ պատերազմի մեջ չենք եղել, ՀՀ-ն երբեք պատերազմի մեջ չի եղել Ադրբեջանի հետ։ Արցախի ժողովուրդը ոտքի են կանգնել իրենց ինքնորոշման իրավունքին տեր կանգնելու համար, Ադբեջանի այն ժամանակվա իշխանությունները ցանկացել են արյան մեջ խեղդել այդ ամեն ինչը, Արցախի մեր հայրենակիցներն էլ զենք են վերցրել իրենց իրավունքների պաշտպանության համար։ ՀՀ-ից տասնյակ հազարավոր քաղաքացիներ գնացել ու կանգնել են մեր հայրենակիցների կողքին»,- ասաց նա:
Աղազարյանը նշեց, որ ներկա պատգամավորներից ինքը միակն է, որը եղել է Հայաստանի նորագույն պատմության լեգիտիմ խորհրդարանների անդամ։ Ըստ նրա՝ Հայաստանի լեգիտիմ ժամանակաշրջաններն են՝ 1990 թվականից մինչեւ 1994 թվականը և 2018 թվականից մինչև մեր օրեր ընկած հատվածները։ Աղազարյանը կարծում է, որ մյուս իշխանությունների արածների համար իրենք պատասխանատվություն չպետք է կրեն։
«1994 թվականին, երբ ստորագրվեց զինադադարը, ես կարծում էի, որ Հայաստանը որպես միջնորդ է հանդես գալիս հակամարտող կողմերի համար, բայց հետագայում Արցախը դուրս բերվեց բանակցություններից, իրենք էլ դափնիները քաշեցին իրենց վրա։ Ես, որպես իշխանավոր, պատասխանատու եմ իրենց արարաքների համար։ Ես Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի հետ ոչ մի խնդիր չունեմ, խնդիրն այլ տեղում է։ Քաղաքականությունը, որն իրականացնում է մեր իշխանությունը, ես լիովին համամիտ եմ։ Այս մակարդակի քննարկում ես իմ համեստ կյանքի ընթացքում չեմ ունեցել, շնորհակալություն հնարավորության համար»,- նշեց Աղազարյանը։