Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների պատմությունը հենց ինքը խորը անվստահության հիմք է, և իմաստ էլ չունի Ադրբեջանի ղեկավարին կամ ինձ փոխադարձաբար հարցնել` վստահո՞ւմ ենք արդյոք մենք իրար, թե՝ ոչ, ակնհայտորեն` ոչ։ Այս մասին «France 24»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ինքը վստահում է Ալիևին։
«Բայց խնդիրը դրա մասին չէ, խնդիրը հետևյալի մասին է` պատրաստվո՞ւմ ենք արդյոք մենք փոքր քայլերով վստահություն կառուցել։ Հենց վստահություն կառուցելու պրոցեսում է, որ մենք դժվարություններ ունենք»,- ասել է վարչապետը։
Այսինքն՝ երբ Ալիևն ասում է, որ պատրաստ է խաղաղության, իրականում պատրաստվում է պատերազմի՞: Լրագրողի այս հարցին Փաշինյանը դրական պատասխան է տվել
«Ես դա եմ ուզում ասել, այո, այդպիսի տպավորություն կա, բայց նաև օբյեկտիվ լինելու համար ենթադրում եմ, որ եթե իրենց էլ հարցնեք, իրենք էլ կասեն, որ իրենք էլ մեզ չեն վստահում, բայց խոսքը դրա մասին չէ։ Խոսքն ուրիշ բանի մասին է` արդյոք մենք փոխադարձաբար պատրաստվում ենք քայլ-քայլ, փոքր քայլերով, եթե հնարավոր է ավելի մեծ քայլերով կառուցել վստահություն, որ մենք միմյանց փոխադարձ խոսքին հավատանք։ Նորից եմ ասում, դիվանագիտական շփումների ընթացքում Ադրբեջանի ղեկավարն ասում է, որ իրենք հարձակման որևէ մտադրություն չունեն։ Եվ խնդիրն այն է, որ նորից եմ ասում` հրապարակային խոսույթը, դրան հետևած գործնական աշխատանքը, և հողի վրա տեղի ունեցող իրադարձություններն են շատ վերլուծաբանների հիմք տալիս նման հետևություններ անել։ Երբեմն շատ դժվար է հակադարձել և հակափաստարկ բերել, թե ինչու ոչ»,- ասել է Փաշինյանը։