Երևանում պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Երևանում պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

 

Հիշեցնենք, որ այսօր ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։

 

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։

 

Լրագրողների հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ասել էր, որ նախնական տվյալներով տուժածներ չկան, մեկ հրշեջ և մեկ քաղաքացի ծխահարվել են, առաջին բուժօգնություն է ցույց տրվել։

«Համացանցում լուրեր կային տարածված, որ պայթյուն է եղել։ Նախնական տվյալներով, պայթյուն չի եղել»,- ասել էր Ն. Սարգսյանը։

Պահեստայիան տարածքում պահվում են տարբեր ապրանքներ՝ սննդամթերք, շինարարական ապրանքներ։

Leave a Reply

Your email address will not be published.