Թուրքիայի հարավ-արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Հինգ անհետ կորածների որոնումները շարունակվում են, հայտարարել է աղետի գոտում գտնվող Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։
Թուրքիայի նախարարի խոսքով՝ 12 մարդ մահացել է Շանլիուրֆա նահանգում, ևս երկուսը՝ Ադիյամանում։ Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի և 10 անհետ կորածի մասին։
Հորդառատ տեղումների պատճառով նահանգներում հարյուրավոր տներ հեղեղվել են, ավերվել են կամուրջներ և մասամբ ճանապարհներ։ Տեղի բնակչությունը տարհանվել է անվտանգ տարածքներ։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված են բանակի ստորաբաժանումները և Արտակարգ իրավիճակների վարչության ուժերը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ անձրևները վերոնշյալ նահանգներում կշարունակվեն ևս երկու օր, ուստի նոր հեղեղումները չեն բացառվում։