Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալներն ավելացել են

Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալներն ավելացել են

Իրանից Հայաստան գազի արտահանման մասին նոր պայմանագիր է կնքվել,որի համաձայն ավելացել են ՀՀ ներկրվող իրանական գազի ծավալները։ Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

 

Իրանից Հայաստան գազի արտահանման նոր պայմանագիրը ստորագրվել է ԻԻՀ նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենիի,«Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Գնել Սանոսյանի և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի ներկայությամբ:

 

Այպիսով, ըստ աղբյուրի, «Գազ`էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի համաձայն՝ ավելացել է Իրանից Հայաստան արտահանվող գազի ծավալը, և պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2030 թվականը:

 

Իրանից Հայաստան ձգվող գազատարը տարեկան ավելի քան մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ տեղափոխելու հնարավորություն ունի, և շահագործման ընթացքում օգտագործվել է գազատարի տարողության ընդամենը մեկ երրորդը։

 

Նշվում է, որ հարևանների և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումը հայտարարվել է, որպես Իրանի կառավարության արտաքին քաղաքականության հիմնական գերակայություն։

 

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Իրանի հարևանության մեջ է գտնվում 15 երկիր, և հարևանների ու տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում տնտեսական, առևտրային, արդյունաբերական, մշակութային և զբոսաշրջության բոլոր կարողությունների ակտիվացումը կհանգեցնի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը,որի իրականացումը տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության օգտին կլինի:

 

Leave a Reply

Your email address will not be published.