Իրավիճակից ելնելով գնացել եմ այդ քայլին. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ասել է, թե ինչու է նման բան արել

Իրավիճակից ելնելով գնացել եմ այդ քայլին. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ասել է, թե ինչու է նման բան արել

Ոչ մեկ ինձ չի դրդել, որ ես գնամ այդ քայլին, ես գիտակցված եմ դա արել: Այս մասին NEWS.amի հետ զրույցում ասաց Մալիշկայում վարչապետի ուղղությամբ անձրևանոց նետած կինը՝ Նարինե Ասատրյանը։

«Ես երկրի իրավիճակից ելնելով գնացել եմ այդ քայլին: Ամեն օր զոհ ունենք, ամեն օր հող ենք կորցնում, դա հերիք չի, որ ես գնամ այդ քայլին»,- ասաց նա:

Նարինեն նշում է, որ ինքը հատուկ է  գնացել այն վայրը, որտեղ պետք է գար Փաշինյանը. «Ես հատուկ, միտումնավոր գնացել եմ այնտեղ, որ հարվածեմ նրան: Ճիշտ է՝ անձրևանոցը ես միտումնավոր չեմ վերցրել, որովհետև անձրև էր գալիս, բայց այդ պահին այդպես ստացվեց, որ անձրևանոցը հատուկ հարվածելու նպատակով գցեցի նրանց կողմը: Նիկոլ Փաշինյանը իր կարևոր գործերը թողած եկել, ասֆալտ էր ստուգում, ասֆալտ անողը թող էդ հարցով զբաղվի: Ադրբեջանցիները մտել են գյուղ, մարդկանց ցանած արտերում խրամատ են փորել, մարդկանց տներն են մտնում դա պատճառ է, որ ես նման վերաբերմունք ցույց տամ»:

Արցախի Քարեգահ գյուղից տեղահանված և Մալիշկա գյուղում հաստատված կինը ինքնակամ է ներկայացել ոստիկանութուն, պնդում է՝  իր հանդեպ ոչ մի բռնություն չի կիրառվել: Նարինեն բազմազավակ մայր է, 7 երեխաներ ունի: Նա ընտանիիքի հետ Մալիշկայում վարձով է բնակվում մինչև հիմա դեռ բնակարան չի ստացել:

Սակայն Նարինեին սեփական տան հարցն այնքան էլ չի հուզում, կինը պատրաստ է իրենց ընտանիքին տրամադրվելիք 10 միլիոն դրամը փոխանցել բանակին:

«Ես այդ գումարը սրտանց նվիրում եմ բանակին, ինձ տուն  պետք չի: Մեկնաբանություններում գրում են, որ ես գումարով եմ այդ քայլը արել, բայց նման բան չկա, դեռ ավելին՝ ես այդ գումարը սրտանց կփոխանցեմ բանակին: Էս երկրի վիճակը որ նայում ենք, ես տուն առնեմ, էդ տունն էլ եմ կորցնելու, ամեն օր զոհ ունենք»,- հավելեց նա:

Leave a Reply

Your email address will not be published.