Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքի ահազանգն ամբողջ աշխարհում պետք է ավելի ու ավելի ահագնանա. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքի ահազանգն ամբողջ աշխարհում պետք է ավելի ու ավելի ահագնանա. Փաշինյան

Երեկ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 66-րդ օրը Ադրբեջանը վերականգնել է բնական գազի մատակարարումը, բայց 2 ժամ անց նորից փակել է գազատարը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2023-ի հունվարի 9-ից արգելափակված է ԼՂ էլեկտրական հոսանքի  մատակարարումը:

«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար  ճգնաժամ էր սկսվել էներգետիկ բլոկադայի  հետևանքով հումանիտար ճգնաժամը ավելի է սրվել և զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ, որովհետև ԼՂ բնակչությունը բնակարանները տաքացնելու և այլ կենցաղային կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում: Սա ըստ էության, անվիճարկելի ապացույցն է նրա, որ Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական  մոտիվները մտացածին են և Ադրբեջանի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ավարտին հասցնել ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ եթե մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն  էր վերաբերում մեր այս պնդմանը, հիմա ժամանակի հետ սա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում:

«Պատահական չէ, որ ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության վերաբերյալ վերջին 3 ամսում երեք անգամ հայտարարությամբ է հանդես եկել: Նմանօրինակ վերջին հայտարարության մեջ Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է  լրջորեն վերաբերվել ԼՂ-ում հայերի ցեղասպանության սպառնալիքին: Այս ահազանգը պետք է ամբողջ աշխարհում ամեն օրվա հետ ավելի ու ավելի ահագնանա: Այս ուղղությամբ ջանքերի գործադրումը պետք է լինի շարունակական», – ընդգծեց վարչապետը։

 

Leave a Reply

Your email address will not be published.